ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ցույց տալու համար, որ Հայաստանը դրական է գնահատում տեղի ունեցող գործընթացները։ Այս մասին Փաշինյանն այսօր ասաց լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ հայաստանյան իրականությունում պարզ բանաձևերն անընդհատ բարդացնում են և աշխարհաքաղաքական վերլուծություններ անում։
«Ինչ-որ բան է տեղի ունեցել Հայաստանի հետ կապված, և Հայաստանը պետք է վերաբերմունք արտահայտի, թե ինչպես է վերաբերվում դրան։ Մենք արտահայտում ենք մեր վերաբերմունքը, որ դրական ենք վերաբերվում»,– ասաց նա։
Փաշինյանը թվարկեց Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների դրական տեղաշարժերը։ Առաջինը, ըստ վարչապետի, Ղազախստանից և Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրելու արգելքի վերացումն է։
«Ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղով գնալու սահմանափակում չկա։ Հիմա չենք գնում, որովհետև, իմ ընկալմամբ, մեր մտածողության և գործունեության մասշտաբը մի «ֆուռի» տրամաբանությամբ է աշխատում։ Այսինքն՝ չկա ընկալում, որ այդ գնացքը պետք է բեռնել, ապրանքը կոնսոլիդացնել միանգամից մի տեղ, որովհետև գնացքը չի կարող դատարկ գնալ, իսկ այս ամենը բարդ է»,– ասաց նա։
Փաշինյանը շնորհակալության պատճառների մեջ առանձնացրեց նաև այն, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել ՀՀ գործարարներին. ավելին՝ նավթն արդեն Հայաստանում է։ Նրա խոսքով՝ այս իրողությունները տարբեր հարթակներում պետք է արձանագրվեն, այդ թվում՝ ԵԱՏՄ նիստերի ժամանակ, քանի որ երկաթուղային կապ ենք ստացել ԵԱՏՄ-ի հետ, որը նախկինում չի եղել։ ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ շուտով Հայաստանն էլ ապրանք կարտահանի Ադրբեջան։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։
Դեկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին հայտնեց, որ Ադրբեջանից Հայաստան առաքվող ցորենի նոր խմբաքանակներ կան, որոնք ներկա պահին ճանապարհին են։ Նրա խոսքով` հայ գործարարների հետ քննարկվել է նաև նույն երթուղով կոնյակ արտահանելու տարբերակը, բայց բիզնեսը նպատակահարմար չի գտել շշալցված արտադրանքի արտահանումը ցամաքային ճանապարհով։
Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 18-ին հայտնեցին, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 22 վագոն A95 տեսակի բենզին (SOCAR–ի արտադրած)։
Հաջորդ օրը նավթամթերքը հասավ Հայաստան։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական բենզինը հասանելի կլինի ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող լցակայանում։