ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունները նախատեսում են կառուցել երկու խողովակաշար և թարմացնել պոմպակայանները՝ Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի ջրի խնդիրը լուծելու համար։ Sputnik Արմենիային հարցման իմ պատասխան հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Նշենք, որ Պարույր Սևակ գյուղում մասնավոր բնակարանաշինության սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում կառուցվել կամ կառուցվում է 70 նոր տուն: Բնակիչները մտահոգություն ունեն, որ, առանց այն էլ ջրի պակաս ունեցող գյուղը, կկանգնի ջրի սակավության լուրջ ճգնաժամի առաջ:
ՏԿԵՆ–ից Sputnik Արմենիային հայտնել են, որ Պարույր Սևակ և Տիգրանաշեն (խմբ.՝ ֆորմալ առումով մտնում է Պարույր Սևակի մեջ) գյուղերը ներառված չեն «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տարածքում: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը Արարատ համայնքի սեփականություն են և դրանց սպասարկումը նույնպես գտնվում է համայնքի տնօրինության տակ:
«Պարույր Սևակ բնակավայրում 2026 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել ջրամատակարարման 1470 մ ջրագիծ և 1506 մ կոյուղագիծ»,–ասված է պատասխանում։
Ինչ վերաբերում է ոռոգման ջրին` հայտնել են, որ 2024 թվականին նախարարությունը նախաձեռնել է «Արազափ 1» պոմպակայանի եռափուլ վերանորոգման նախագիծը: Առաջին փուլն արդեն ավարտին մոտ է:
Երկրորդ փուլը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին: Առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում պետք է վերանորոգվեն խողովակները, ինչը հնարավորություն կտա «Արազափ 2» պոմպակայանի միջոցով գյուղերին ապահովել անհրաժեշտ քանակությամբ ոռոգման ջրի մատակարարումը:
Երրորդ փուլով նախատեսվում է հին պոմպերը փոխարինել նորերով՝ ժամանակակից և էներգախնայող մոդելներով:
Բացի այդ, ՏԿԵՆ-ը նախատեսում է Պարույր Սևակում կառուցել օրվա կարգավորման ջրավազան (ՕԿՋ)։ Շինարարությունը ցանկանում են սկսել 2026 թվականին:
Նշենք, որ ջրի խնդիրը միայն Պարույր Սևակ համայնքում չէ, այլև այն սահմանամերձ գյուղերում, որտեղ պետական ծրագրերով բնակարանաշինություն է իրականացվում։ Սակայն Պարույր Սևակ համայնքում խնդիրը սրվում է նաև կլիմայի փոփոխության և անապատացման պատճառով:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում պետությունը մինչև 16 մլն դրամ (մոտ 41 հազար դոլար) աջակցություն էր հատկացնում սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Անցյալ տարի ծրագիրը դադարեցվեց հայտերի մեծ քանակի պատճառով և շարունակեց գործել միայն Տավուշի մարզի չորս գյուղերում՝ Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում, որտեղ սուբսիդավորման չափը հասցվեց 21 մլն դրամի (մոտ 54 հազար դոլար)՝ պայմանով, որ հայտատուն ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված լինի տվյալ բնակավայրերում։ Նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցել է 2300 ընտանիք։