ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացվել են Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը և Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18-ին հայտնեցին, որ Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամների լիազորությունները դադարեցվել են` չնշելով նրանց անունները։
«Հեռացված հոգևորականներին փոխարինելու են Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն ընտրվում կամ նշանակվում են՝ կապված աշխարհագրական դիրքի և տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքի հետ»,– ասաց տեր Եսային։
Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ դուրս եկած սրբազաններին կարգալույծ անելու հնարավորությանը (Մայր աթոռը դեռևս միայն զգաստության կոչ է արել), տեր Եսային նշեց, որ Մայր աթոռը շարունակում է գործել կանոնականության սահմաններում։
«Մայր աթոռն իր գործունեությունն իրականացնում է և այդ կոչերը հնչեցնում է կանոնականության համաձայն։ Սա գործընթաց է, որն ամենակարևորը պետք է լինի կանոնականության սահմաններում՝ պահպանելով եկեղեցու առաքելությունն անխաթար։ Իսկ մնացածը առաջիկայում կտեսնենք»,– ավելացրեց նա։
Խոսելով Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսի հնարավոր հեռացման մասին արցախցիները խնդրագիր-պահանջագրին` տեր Եսային նշեց, որ վեհափառը դեռևս նման նամակ չի ստացել։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Դեկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
10 եպիսկոպոսները, սակայն, դեկտեմբերի 18–ին, չկարողացան մտնել Մայր տաճար, որտեղ այդ պահին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի գլխավորությամբ միասնական աղոթք էր հնչում։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները փորձեցին բարձրախոսով իրենց հայտարարությունն անել, սակայն նրանց խոսքը խլացավ հավաքվածների վանկարկումների ու սուլոցների ներքո։