Ինչո՞ւ է Գերագույն հոգևոր խորհրդի կազմում փոփոխություն արվել․ բացատրում է տեր Եսային

Հոգևորականի խոսքով՝ որոշումները կայացվել են ոչ թե անձնավորված, այլ ըստ կանոնադրության և խորհրդի բնականոն աշխատանքի ապահովման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի կազմում փոփոխություններն արվել են բնականոն աշխատանքի ապահովման նպատակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացվել են Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը և Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Հեռացված հոգևորականներին փոխարինելու են Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Սրբազանները Գերագույն հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել, որովհետև իրենք կա՛մ հրաժարվում են և չեն մասնակցում ժողովներին, կա՛մ ի պաշտոնե է փոփոխությունը տեղի ունենում այն իմաստով, որ սովորաբար տարբեր աշխարհամասերից հոգևորականներն ընդգրկվում են խորհրդի կազմում՝ ըստ տվյալ թեմի, համայնքի մեծության։ Այդ թեմերի շարքում Վիրահայոց թեմն է, ու Վիրահայոցի առաջնորդն ի պաշտոնե միշտ եղել է խորհրդի կազմում»,- բացատրում է տեր Եսային։
Նախկինում Վիրահայոց թեմի առաջնորդը Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն էր, որը հիմա Բալթյան երկրների թեմի առաջնորդն է։ Հետևաբար, Վազգեն սրբազանն ի պաշտոնե դուրս է եկել Գերագույն խորհրդի կազմից, և նրան փոխարինել է Վիրահայոց թեմի ներկայիս առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։
«Ըստ Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրության՝ ինքնաբերաբար իրավունքի ուժով փոխվել է անդամը, այստեղ անձնավորված որոշում չէ»,- նշեց նա։
Տեր Եսային նաև հույս հայտնեց, որ ստեղծված իրավիճակն ի վերջո կկարգավորվի երկխոսության շրջանակներում, և կաթողիկոսին դեմ դուրս եկած սրբազանները կկարողանան ընդհանուր սեղանի շուրջ նստել, իրենց հուզող հարցերը եկեղեցու կանոնական մոտեցումներով բարձրաձայնել և լուծումներ գտնել։ Շեշտեց՝ Մայր աթոռը բազմիցս նման կոչեր արել է։
Ինչ վերաբերում է երեկվա իրադարձություններից հետո Մայր աթոռում տիրող իրավիճակին և տրամադրությանը՝ տեր Եսային նշեց՝ սովորական, բնականոն աշխատանքային ընթացք է, իսկ վեհափառն էլ ամուր և հաստատուն կանգնած է իր տեղում։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Դեկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
10 եպիսկոպոսները, սակայն, դեկտեմբերի 18–ին չկարողացան մտնել Մայր տաճար, որտեղ այդ պահին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի գլխավորությամբ միասնական աղոթք էր հնչում։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները փորձեցին բարձրախոսով իրենց հայտարարությունն անել, սակայն նրանց խոսքը խլացավ հավաքվածների վանկարկումների ու սուլոցների ներքո։