ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների շինծու դատավարությունը, որի ընթացքում նրանցից մի քանիսը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։
Դավիթ Բաբայանը Բաքվի բանտում
© Photo
Մասնավորապես, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը դատարանում եզրափակիչ խոսք են ասել։
Արկադի Ղուկասյանը Բաքվի բանտում
© Photo
Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները՝ հայտարարելով դատախազների փաստարկների հիմնազուրկ լինելու մասին։ Նրանք իրենց հակափաստարկներն են ներկայացրել մեղադրանքի առնչությամբ։
Հաջորդ նիստը կանցկացվի դեկտեմբերի 22-ին:
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտում
© Photo
Հիշեցնենք` 2025–ի հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Հիշեցնենք նաև, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում
© Photo
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։