Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտամկանի ինֆարկտ է ստացել. նրան տեղափոխել են Երևան (լրացված)

Sputnik Արմենիայի տեղեկություններով` պետք սրտի ստենտավորում կատարվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներից մեկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են։
Մեր տեղեկություններով` տեր Վրթանեսին Էջմիածնի ԲԿ–ից տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններից մեկը` սրտի ստենտավորում իրականացնելու նպատակով։
Ավելի ուշ Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, հոգեշնորհ տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը սոցցանցում հայտնեց, որ տեր Վրթանես քահանա Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Դեկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
10 եպիսկոպոսները, սակայն, այսօր` դեկտեմբերի 18–ին, չկարողացան մտնել Մայր տաճար, որտեղ այդ պահին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի գլխավորությամբ միասնական աղոթք էր հնչում։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները փորձեցին բարձրախոսով իրենց հայտարարությունն անել, սակայն նրանց խոսքը խլացավ հավաքվածների վանկարկումների ու սուլոցների ներքո։ Կարճ ելույթից հետո նրանք քաղաքացիական հագուստով մարդկանց խիտ շարքերով շրջապատված` դուրս եկան տաճարի տարածքից ու նստելով մեքենա` արագ հեռացան Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից։
Ինչու հնարավոր չի եղել եկեղեցական-ներկայացուցչական ժողով հրավիրել․ Մայր աթոռի պարզաբանումը