Տեր Վրթանես քահանա Բաղալյանին ստենտավորել են. նրա կյանքին վտանգ չի սպառնում (լրացված)

Sputnik Արմենիայի տեղեկություններով` վիրահատությունը բարեհաջող է անցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին, Sputnik Արմենիայի տեղեկություններով, արդեն ստենտավորել են։ Մեր աղբյուրը հայտնում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել և տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում։
Ինչպես հայտնել ենք, հոգևոր հովվի ինքնազգացողությունը վատացել է միասնական աղոթքից հետո։ Նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են, պարզվել է, որ տեր Վրթանեսի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել։
Ավելի ուշ Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, հոգեշնորհ տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը սոցցանցերում գրեց, որ տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը։
«Երեցկինը մի քանի րոպե տեսակցել է նրան և խոսել: Տեր հայրը մեկ հարց է տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է Մայր աաթոռում... Մեծ խնդրանք. անպայման ձեր աղոթքներում հիշեք տեր Վրթանեսին»,–գրել է հայր Զաքարիան։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Դեկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
10 եպիսկոպոսները, սակայն, այսօր` դեկտեմբերի 18–ին, չկարողացան մտնել Մայր տաճար, որտեղ այդ պահին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի գլխավորությամբ միասնական աղոթք էր հնչում։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները փորձեցին բարձրախոսով իրենց հայտարարությունն անել, սակայն նրանց խոսքը խլացավ հավաքվածների վանկարկումների ու սուլոցների ներքո։ Կարճ ելույթից հետո նրանք քաղաքացիական հագուստով մարդկանց խիտ շարքերով շրջապատված` դուրս եկան տաճարի տարածքից ու նստելով մեքենա` արագ հեռացան Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից։
Ինչու հնարավոր չի եղել եկեղեցական-ներկայացուցչական ժողով հրավիրել․ Մայր աթոռի պարզաբանումը