Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացել է. նրան տեղափոխել են Էջմիածնի ԲԿ

Նախնական տեղեկություններով` սիրտի հետ կապված խնդիր է առաջացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են։
Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ, նախնական տվյալներով, հոգևոր հովվի մոտ սրտի հետ կապված խնդիր է առաջացել։
Էջմիածնի ԲԿ–ից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ տեր Վրթանեսը տեղափոխվել է իրենց մոտ, ներկայում նրան հետազոտում են մասնագետները։
Երեկ հայտնի դարձավ, որ Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
Նշենք, որ տեր Վրթանեսը միասնական աղոթքի ամբողջ ընթացքում կանգնած էր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքի դռների մոտ և հետևում էր վեհափառի աջակիցների ու հրաժարականը պահանջողների գործողություններին։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։