ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքարի» 17 աջակցի գործով դատական նիստը հետաձգվեց մեղադրյալներից երկուսի՝ Իգոր Սարգսյանի և Կարո Օկոպմուշյանի բացակայության հիմքով։
Նշենք, որ մինչև նիստի մեկնարկը Բագրատ սրբազանը դատարանի նիստերի դահլիճ մտնելիս անմիջապես սկսեց «Աղբյուր Սերոբի երգը» երգել։ Դրանից հետո ապակու մյուս կողմում հավաքված իր աջակիցներին ու լրագրողներին ցույց տվեց Գերագույն հոգևոր խորհրդից եպիսկոպոսների հեռացնելու մասին թղթի վրա արված իր գրառումը․ «Շատ ճիշտ, տեղին և սպասված»։
Նիստի հետաձգման մասով դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց՝ սա երկրորդ դատական նիստն է, որ չի կայանում, ու նույն պատճառաբանությամբ՝ մեղադրյալին չեն ներկայացրել դատարան։ Ֆարխոյանն ընդգծեց՝ Իգոր Սարգսյանին ու Կարո Օկոպմուշյանին տնային կալանք էր տրվել, դատարանն էլ ուղեկցող ոստիկաններին պատշաճ ծանուցել էր նիստի մասին։
«ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ պետին դատարանը գրություն կհասցեագրի՝ հետագա խոչընդոտներից խուսափելու համար։ Կհանձնարարվի, որպեսզի մեղադրյալների ներկայությունը պարտադիր ու պատշաճ կերպով ապահովվի։ Նման հարցեր եթե կրկին տեղի ունենան, ապա դատարանն անմիջապես կանդրադառնա մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցներին, քանի որ նրանց մեղքով չէ, որ դատական նիստերին չեն ներկայացվում»,- ասաց Ֆրախոյանը։
Բագրատ սրբազանն էլ, դիմելով դատարանին, ընդգծեց՝ ոստիկանները վստահաբար գտնվում են Մայր աթոռում (այսօր կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներն այնտեղ հավաք են իրականացնելու-խմբ․) ու այդ պատճառով էլ չեն կարողացել պատշաճ կատարել իրենց գործառույթները։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանն էլ նշեց՝ «Բագրատ սրբազանն ու 17 արդարները» հենց այս օրվա համար են պայքարել, որպեսզի կանխեն այն, ինչ տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Սարգսյանը կոչ արեց հայրենակիցներին գնալ Մայր աթոռ ու սատար կանգնել եկեղեցուն։
Նշենք, որ դատական նիստին չէին ներկայացել նաև հանրային մեղադրողներ Հայկ Հովհաննիսյանը, ինչպես նաև պաշտպաններ Արամ Օրբելյանը, Վահան Գևորգյանը, Վահան Հովհաննիսյանը, Արտակ Նավասարդյանը, Վարազդատ Հարությունյանը, Գևորգ Գենջոյանը, Սվետլանա Մկրտչյանը, Արթուր Առուստամյանը, Անահիտ Առաքելյանը, Սերգեյ Մարաբյանը, Սմբատ Մինասյանը, Արամ Վարդևանյանը, Պետրոս Պետրոսյանը, Միհրան Պողոսյանը և Արայիկ Ներսիսյանը։
Ուշացումով նիստին ներկայացան դատախազներ Վահան Հարությունյանը, Արման Բաղդասարյանը և հայտնեցին, որ Երևանում խցանումների պատճառով են ուշացել։
Քիչ անց դատավոր Ֆարխոյանը հայտնեց՝ աշխատանքային ծանրաբեռնվածության հետևանքով ոստիկանները չեն կարողացել ներկայացնել մեղադրյալներ Սարգսյանին ու Օկուպմուշյանին։
Հաջորդ դատական նիստը կայանալու է 2026 թվականի հունվարի 8-ին, ժամը 15։00-ին։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր 3 ամսով։ Նոյեմբերի 13–ին երկարացվեց ևս երեք ամսով։
Հավելենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։