ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Ռամկավար ազատական կուսակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել երաշխավորել Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու համար Հայաստան եկող եպիսկոպոսների անխոչընդոտ մուտքը երկիր, նրանց անձեռնմխելիությունը, ազատ տեղաշարժը, խոսքի ազատությունն ու ֆիզիկական ապահովությունը։ Կուսակցությունը հայտարարություն է տարածել` վկայակոչելով ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածները, ինչպես նաև ժողովներ ու հավաքներ կազմակերպելու ազատության վերաբերյալ միջազգային պայմանագրերը։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ դեկտեմբերի 10-12-ը նշանակված Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել է ԱԱԾ-ի ճնշումների հետևանքով։ Վեհափառին փոխանցել են՝ եթե ժողովը կայանա, և 10 եպիսկոպոսների վերաբերյալ որոշումներ կայացվեն, դրան կհետևեն անցանկալի զարգացումներ։ Անգամ հոգևորականների անուններ են նշել, որոնց կձերբակալեն, կփակեն տարբեր երկրներից ժամանող հոգևորականների մուտքը կամ կարգելեն վերադառնալ իրենց թեմեր, ուստի վեհափառը չի ցանկացել սրել իրավիճակը։
Կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ օրեր առաջ, երբ տեղեկություն տարածվեց Մայր աթոռում Եպիսպոկոսաց ժողով գումարելու և առկա խնդիրները քննարկելու վերաբերյալ հայտարարությունը, այն մեծ արձագանք ստացավ սփյուռքում, քանի որ հնարավորություն էր ստեղծվել խուսափել հարցը միջազգային ատյաններ տեղափոխելու անպատվաբեր հեռանկարից։
«Իրականում որևէ փոփոխություն չի արձանագրվել, ընդհակառակը` ավելի թափով են շարունակվում հակականոնական գործողությունները, մասնավորապես՝ կարգազանց կամ տիրադավ եկեղեցականների մասնակցությամբ կազմակերպվող թերի և անընդունելի «պատարագները» զանազան սրբավայրերում՝ վարչապետ Փաշինյանի և նրա վարչախմբի ցուցադրական մասնակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Ռամկավարները հավելում են, որ մյուս կողմից էլ զանազան պատրվակներով ազատազրկված հոգևոր հայրերի և մյուս քաղբանտարկյալների պատմությունները վախի մթնոլորտ են ստեղծում Եպիսկոպոսական ժողովին մասնակցելու ցանկություն ունեցող հոգևորականների և նրանց ուղեկցող աշխարհականների համար, ուստի երաշխիքներն անհրաժեշտ են։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։