ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Արդարադատության համակարգը Հայաստանում հիվանդ է, և այն պետք է բուժվի, հակառակ դեպքում հայտնի չէ, թե ինչ հանգրվանի կտանեն ապօրինությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչպես եղավ, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2 տարվա ազատազրկման դատապարտեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին, իսկ մահացու ելքով ավտովթարի ենթադրյալ մեղավոր կնոջն օրեր առաջ գրավի դիմաց ազատ արձակեց։
Մարինե Ֆարմանյան
© Sputnik
«Ապօրինությունները Արմինե Մելիքսեթյանով չեն սահմանափակվում, և դատարանը չի սկսվում ու ավարտվում նրա գործողություններով։ Մելիքսեթյանը վատ իրավաբան չէ, բայց նա վատ դատավոր է, և այդ վատ դատավորի կարգավիճակը շատ ավելի վտանգավոր է։ Ու նա մենակ չէ, մի քանի այսպիսի անուններ, որոնք շրջանառվում են, մեր պետության արդարադատության ողնաշարը ջարդող գործողությունների հանրագումար են»,– ասաց Ֆարմանյանը։
Փաստաբանը չբացառեց, որ վերոնշյալ դեպքով գուցե հիմքեր եղել են գրավ կիրառելու համար, բայց հավելեց` քանի որ Արմինե Մելիքսեթյանը հասարակական հնչեղություն ունեցող գործերով արդեն ապօրինություն է արել, նրա ոչ մի որոշում այլևս արժանահավատ լինել չի կարող։
Փարմանյանը նշեց, որ Արագածոտնի թեմի հոգևորականների տների խուզարկությունների գրեթե բոլոր որոշումները բողոքարկվել են։
«Արդեն 4 -ի դեպքում ունենք դրական արդյունք։ Օրինակ` իմ վարույթում այս պահին գտնվող գործերից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Հայկ քահանա Քոչարյանի տունը խուզարկելու որոշումը վերաքննիչ դատարանն ապօրինի է ճանաչել»,– ասաց նա։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Շիրակի թեմի առաջնորդը 2 տարվա ազատազրկման դատապարտվեց հոկտեմբերի 3-ին։ Նրան մեղադրանք էր ներկայացվել ՔՕ 442-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր)։