Սա սրբապղծություն է. բազմաթիվ գյումրեցիներ վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից

Յոթ Վերքում մատուցվող պատարագին մասնակցում են նաև ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներից մի քանիսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն արդեն ժամանել է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի, որտեղ այսօր պատարագ է մատուցելու ոչ Շիրակի թեմի հոգևորական, այլ Արմավիրի թեմից Մկրտիչ քահանան Մուշադյանը։ Եկեղեցում են արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Շիրակի և Լոռու մարզպետները, կառավարության անդամներ, պատգամավորներ, ՔՊ աջակիցներ։ Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, Շիրակի թեմի որևէ հոգևորական չի համաձայնել պատարագը մատուցել Փաշինյանի ցանկալի ձևով՝ զեղչելով ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։
Եկեղեցու մոտ են նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից, քանի որ մեծ թվով ուժայիններ երեկվանից բերվել են Գյումրի, շրջապատել եկեղեցին՝ թույլ չտալով քաղաքացիներին ազատորեն մուտք գործել եկեղեցի։
«Անգամ թուրքերն են թույլ տվել, որ այստեղ պատարագ լինի, էսօր դուք ի՞նչ եք անում, ամոթ է։ Գուզե Նիկոլ էղնի, ով գուզե էղնի, չի կարելի նման վերաբերմունք ցույց տալ։ Երկրի ղեկավար կոչվածն ինչ իրավունք ունի նման բան անել, թող բոլորիս ձերբակալեն, հետո՞»,–բարկացած գոռում էր մի տղամարդ։
Յոթ Վերքում մատուցվող պատարագին մասնակցում են նաև ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը և այլք։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։