ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր, ակտիվիստ Ռուբեն Մխիթարյանը քաղաքապետարանի պատին փակցրել է մեծ պաստառ` Բագրատ և Միքայել սրբազանների նկարով և այսպսիս գրառմամբ. «Ազատություն քաղբանտարկյալ գյումրեցի սրբազաններին»։ Յոթ Վերք եկեղեցին, որտեղ ՀՀ վարչապետ Նւկոլ Փաշինյանը մասնակցում է պատարագի, գտնվում է քաղաքապետարանի հարևանությամբ։
Նշենք, որ այսօր Փաշինյանը պատարագի է մասնակցում Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցում` Սուրբ Աստվածածնի տաճարում, որը հայտնի է նաև Յոթ Վերք անունով։ Երեկ Շիրակի թեմի հոգևերականները հայտարարեցին, որ չեն պատրաստվում պատարագ մատուցել` Փաշինյանի ցանկությամբ հանելով Վեհափառի անունը, ինչից հետո կապարակնքեցին եկեղեցին և երեկոյան հանձնեցին ուժայիններին։ Այսօր Յոթ Վերքում պատարագիչը Արմավիրի թեմից Մկրտիչ քահանան Մուշադյանն է։
Մասնակցում են նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
«Կճոյանի հետ գրկախառնվելու ընթացքում մոռացվում են բենթլիները, օֆշորային սկանդալները, Փաշինյանը էն մարդն է, որ Կճոյանի մասին գրելով է եկել իշխանության»,–Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։
Նա շնորհակալություն հայտնեց Շիրակի թեմի քահանաներին` իրենց վճռական խոսքն ասելու և Փաշինյանի ուզած պատարագը չմատուցելու համար։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։