Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ. Միքայել և Բագրատ սրբազաններ

Սրբազանները դատապարտում են աշխարհիկ իշխանություններին ներեկեղեցական հարցերի լուծման մեջ ներքաշելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Անհրաժեշտ ենք համարում հրավիրել եպիսկոպոսաց ժողով քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը, միևնույն ժամանակ պնդում ենք ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը։ Այս մասին նշված է Միքայել արք. Աջապահյանի և Բագրատ արք. Գալստանյանի՝ կալանավայրից տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին հայտնվեց հայտարարության տեքստ մի խումբ եպիսկոպոսների ստորագրությամբ։ Դրանում նրանք Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են այն բանում, որ նա, իբր, ամեն կերպ փորձում է կոծկել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի «սրբապղծությունը» և դրանով «հովանավորում է սրբապղծությունը»՝ նկատի ունենալով նախկինում հայտնված ինտիմ տեսանյութի պատճառով նրա շուրջ ծագած սկանդալը։ Նոյեմբրի 29-ի արդեն նրանք պահանջեցին Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։
Սրբազանները դատապարտում են աշխարհիկ իշխանություններին ներեկեղեցական հարցերի լուծման մեջ ներքաշելը։
«Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում ու ատյաններում,
դիմում ենք Վեհափառ Հայրապետին, անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը։ Միևնույն ժամանակ պնդելով ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը:
Աղոթում ենք, հույս և համոզում ենք հայտնում, որ Վեհափառ Հայրապետն ամուր և անսասան կմնա, և որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը ևս»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ։
Հավելենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։