ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և ՀԾԿՀ-ում ՀԷՑ-ից սեփականության իրավունքից զրկելուն վերաբերող հարցերի քննությունները ենթակա են մերժման։ Այս մասին Կարապետյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Այսօր ժամը 10։00-ին դատարանում քննվում է կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու միջնորդությունը։ Նույն օրը նույն ժամին ՀԾԿՀ-ում էլ Սամվել Կարապետյանի սեփականության իրավունքին վերաբերող հարցի քննությունն է լինելու։ Այն, որ երկու քննությունն էլ նույն օրն ու նույն ժամին է, կարծում եմ դա առավել քան խոսուն է` հաշվի առնելով այն, որ երկու հանգամանքն էլ ենթակա են մերժման»,- ասաց Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ առնվազն իրենք, ներկայացնելու են իրենց կողմից կատարված շուրջ 1 հատոր բովանդակությամբ գրագրությունները, միջնորդությունները, դրանց մի մասի վերաբերյալ պատասխանի բացակայությունները, մի մասի վերաբերյալ էլ` պատասխանները։ Վստահեցրեց՝ քննիչն էլ դատարանում հերթական անգամ կընթերցի իրենց միջնորդությունը, որը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։