«Տաշիր կապիտալին» տրված ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին

Հանձնաժողովի որոշման նախագծում նշված է նաև, որ այն ուժի մեջ մտնելու պահից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել հանձնաժողով կամ որոշումը ստանալու պահից 15–օրյա ժամկետում` ՀՀ վարչական դատարան, սակայն դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 13-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Հարցի քննարկումը տեղի կունենա հանձնաժողովի նիստում, որի օրակարգում մեկ հարց է։ Որոշման նախագիծը հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է իր կայքում։
«Ընդունել ի գիտություն, որ «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն` ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածը շարունակվում է մինչև նույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործընթացների ավարտը, հաշվի առնելով, որ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշմամբ հանձնաժողովը չի նշանակում այլ կառավարիչ»,– ասված է որոշման նախագծի մեջ:
Ինչ վերաբերում է ժամանակավոր կառավարչի լիազորությունները կասեցնելու մասին միջնորդությանը, ապա հանձնաժողովը նշել է` օրենքով նման իրավասություն իրեն վերապահված չլինելու պայմաններում այն բավարարվել չի կարող:
Որոշումն ուժի մեջ մտնելու պահից 2 ամսվա ընթացքում այն կարող է բողոքարկվել հանձնաժողով կամ որոշումը ստանալու պահից 15–օրյա ժամկետում` ՀՀ վարչական դատարան, սակայն դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։