ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Իրանի իշխանությունները կարող են ժամանակավորապես անջատել Թեհրանի ջուրը գիշերային ժամերին՝ սաստկացող ջրային ճգնաժամի ֆոնին: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին՝ կոչ անելով բնակիչներին սկսել ջուր կուտակել և ռեզերվուարներ տեղադրել:
Իշխանությունների տվյալներով՝ մայրաքաղաքը մատակարարող խոշորագույն ջրամբարներում ջրի մակարդակը կտրուկ նվազել է։ Մասնավորապես, Ամիր Քաբիրի ջրամբարում, որը Թեհրանի համար խմելու ջրի հինգ աղբյուրներից մեկն է, երկու շաբաթից էլ քիչ պաշարներ են մնացել:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ զգուշացրել էր, որ եթե մինչև նոյեմբերի վերջ անձրևներ չսկսվեն, Թեհրանը կարող է հայտնվել տարհանման եզրին: Նախագահի խոսքով՝ իրավիճակը բարդանում է նրանով, որ մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգն օգտագործվում է ավելի քան 100 տարի և խիստ մաշված է, իսկ Իսրայելի հունիսյան հարձակումները վնասել են խողովակաշարի մի մասը:
Ինչպես հայտնել է Իրանի եղանակի կանխատեսման ազգային կենտրոնի ղեկավար Սադեղ Զիյիյանը, մարտից ի վեր տարածաշրջանում տեղումների քանակը կրճատվել է 95,8 %-ով, և առաջիկա 10 օրերին անձրև չի սպասվում:
Ըստ Fars լրատվական գործակալության՝ երկրի 19 ջրամբարները՝ բոլոր ջրամբարների գրեթե 10%-ը, գտնվում են լիակատար ցամաքման եզրին, իսկ դրանց ջրային պաշարները կազմում են 5%-ից պակաս։ Թեհրանն իր ջրի 70%-ը ստանում է ջրամբարներից, իսկ 30%-ը՝ ստորգետնյա աղբյուրներից, սակայն բոլոր հինգ ջրամբարներում ջրի մակարդակը աղետալիորեն ցածր է։
Վերջին 30 տարիների ընթացքում Իրանում քաղցրահամ ջրի վերականգնվող պաշարների ծավալը 132 մլրդ խմ-ից նվազել է մինչև 90 մլրդ խմ, ընդ որում` սպառումը շարունակում է աճել: Իշխանությունները խոստովանում են, որ երկրի քաղաքային բնակչության կեսն արդեն բախվում է խմելու ջրի պակասի հետ։
Ճգնաժամն առավել սուր է զգացվում Թեհրանում, Յեզդում, Սպահանում, Խորասան Ռեզավիում և Խուզեստանում։ Երաշտի պատճառով չորացել են բազմաթիվ գետեր, այդ թվում՝ Զայանդե Ռուդը և Կարունը, իսկ տասնյակ ջրամբարներ և ճահիճներ ոչնչացման եզրին են:
Նախագահ Փեզեշքիանը հայտարարել է, որ խնդիրը համակարգային լուծում է պահանջում բոլոր պրոֆիլային գերատեսչությունների և փորձագետների ներգրավմամբ, քանի որ ճգնաժամն արդեն շոշափում է երկրի հասարակական կյանքի առանցքային ոլորտները: