ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 9-ի նախօրեին Հայաստանի դեմ գործարկվեց հիբրիդային պատերազմի դասական սցենարը՝ համակարգված, բազմաբևեռ տեղեկատվական գրոհի ձևով։ Այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունները «Իմնեմնիմի» փոդքասթի եթերում։
Բաղդասարյանի կարծիքով` Սարգսյանի մտքերը ոչ թե քաղաքական վերլուծություն էին, այլ հին ու մաշված ձայնապնակի կրկնություն։
«Այդ թեզերը բազմիցս՝ հիմնավոր և փաստարկված կերպով, ջախջախվել են թե՛ 2018-2020 թթ․ սպառազինության ծավալների, թե՛ բանակի վերափոխման գործընթացների, և թե՛ պաշտպանական ոլորտում արդիականացման ուղղությամբ իրականացված համակարգային քայլերի համադրությամբ»,– գրել է նա։
ՀՀ վարչապետի խոսնակը կարծում է, որ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7–ի իր խոսքում փորձ էր նում տարիների սեփական անգործության ստվերը նետել այլոց վրա։
Նազելի Բաղդասարյանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի` նոյեմբերի 7–ին արած հայտարարությունները որակել է որպես հրապարակային ցուցմունք Հայաստանի դեմ, որը, ըստ նրա, կա՛մ ոչ հեռատեսության արդյունք է, կա՛մ օտար օրակարգի սպասարկում։
Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը 7 ժամ տևած «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ անդրադարձել էր մի շարք թեմաների, այդ թվում`44–օրյա պատերազմին, հայկական բանակի սպառազինությանը, Հայաստան– Ադրբեջան բանակցային գործընթացին, Բաքվում անազատության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ու մի շարք այլ թեմաների։