Փաշինյանն ասաց, թե ինչու են կուսակցականներն առաջադրվելիս ավելի քիչ գումար տալու

Վարչապետի խոսքով` նախընտրական ցուցակի համար առաջադրման դեպքում թեկնածուները միշտ էլ վճարն արել և ֆինանսական ներդրում են ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ 2026 թ. ԱԺ ընտրություններին նախապատրաստվելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի բավարար ժամանակ, և դա է պատճառը, որ նախընտրական ցուցակի համար առաջադրումներն արդեն իսկ սկսվել են։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ֆեյսբուքում» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել` նշելով, որ իր թեկնածությունն է առաջադրել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
«2017 թ. հերթական ընտրությունների ժամանակ մենք նույն սկզբունքով ենք արել` պատրաստվել ենք տևական, որը նաև մեր կանոնադրության համաձայն է եղել։ Քանի որ արտահերթ ընտրությունների ժամանակ ժամանակացույցի խնդիր ունեինք, մի քիչ արագացված ռեժիմով ենք ցուցակը ձևավորել, իսկ հերթականի դեպքում տևական պրոցես է»,– պարզաբանեց նա։
Վարչապետի խոսքով` նախընտրական ցուցակի համար առաջադրման դեպքում թեկնածուները միշտ էլ վճարում են արել և ֆինանսական ներդրում ունեցել։
«Մենք քարոզարշավ ենք, չէ՞, իրականացնելու։ Մենք պետք է նաև մեր ներդրումը ունենանք, բա էլ ո՞վ է ֆինանսավորելու։ Իհարկե, մենք դրամահավաք էլ ենք կազմակերպելու»,– ընդգծեց Փաշինյանը։
ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել 2026 թվականի «գլխագինը». «Ժողովուրդ»
Ըստ նրա` նախընտրական ցուցակով թեկնածու լինել նշանակում է նաև որոշակի առաջնորդություն։
Իսկ թե ինչու պետք է կուսակցականները առաջադրման համար վճարեն 500 հազար դրամ, իսկ ոչ կուսակցականները` 1.5 միլիոն դրամ, Փաշինյանի խոսքով` այսպիսով փորձել են պահել հավասարությունը. կուսակցականներն այս ընթացքում վճարել են անդամավճար և հիմա ընդամենը հաշվարկել են գնային մոտավոր տարբերությունը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, ինչպես նաև «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, որը կալանքի տակ է հունիսի 18–ից։