«Քավորը Նիկոլը չէ». Շարմազանովը եկեղեցու դեմ արշավի հետևում տեսնում է Արևմուտքի ականջները

Էդուարդ Շարմազանովի խոսքով` Նիկոլ Փաշինյանը հակաթոռ կաթողիկոսություն է ստեղծում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանության արշավն ուղղորդվում է Արևմուտքից։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա հիշեցրեց, որ մինչ օրս Արևմուտքի որևէ կառույց որևէ գնահատական չի տվել կատարվողին։
«Իշխանությունը և եկեղեցին պետք է տարանջատված լինեն ըստ Սահմանադրության, բայց Արևմուտքի որևէ կառույց մի ծպտուն հանե՞լ է, մի հատ պու արե՞լ է, որ չի կարելի գործադիր իշխանության ղեկավարի միջամտություն այս գործերին՝ կրոնական կազմակերպության գործերին։ «Եհովայի վկաների», «Կյանքի խոսքի» կամ այլ աղանդավորական կրոնական շարժման վրա նույն ձևով եթե հարձակվեն, անվանարկեն, տեսանյութեր տարածվեն, նույն Արևմուտքը քանի՞ զեկույց կաներ, իսկ հիմա` քար լռություն»,– ասաց նա։
Շարմազանովի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցու համար հայ ժողովուրդը պայքարում է հանուն ինքնության և արժեքների, իսկ Նիկոլ Փաշինյանի նպատակն այլ է։
«Պետք է հասկանանք՝ այս ամենը որտեղի՞ց է գալիս։ Սա բացառապես քաղաքական պատճառներ ունի։ Նիկոլի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի–խմբ.) ձեռքով են անում, բայց սրա քավորը Նիկոլը չի, Նիկոլը դաստիարակող խորհրդատուներ ունի։ Բոլթոնի (Ջոն Բոլթոնը 2018-2019 թթ. զբաղեցրել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը–խմբ.) բերանով 2018 թվականին ասվել է՝ ՀՀ–ն պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից։ Կատարվում է նույնը, ինչ եղավ Ուկրաինայում և Մոլդովայում։ Կամ որ գունավոր հեղափոխություններ են անում ու ասում են՝ դուրս եկավ ժողովուրդը, ո՞ր գունավոր հեղափոխության ժամանակ ժողովուրդը դուրս չի գալիս»,– նշեց Շարմազանովը։
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց , որ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավը քողարկում է բարձրաստիճան եկեղեցականների կողմից իբրև կրոնական կարգերի խախտմամբ, մինչդեռ Փաշինյանը, գործադիր իշխանության ղեկավար լինելով, ամբողջությամբ խախտել է Սահմանադրությունը։
«Նիկոլը շատ լավ ուսումնասիրել է ու շատ ուժեղ խորհդատուներ ունի։ Նա 7 տեղ պատարագ է անելու, հիմա գնաց Թալին, հաջորդը մեկ այլ տեղ կգնա, ինքը հակաթոռ կաթողիկոսություն է ստեղծում, իսկ դա մի եկեղեցով չի լինելու»,– շարունակեց Էդուարդ Շարմազանովը։
Նա հավելեց, որ եկեղեցու դեմ արշավը նոր չէ, այլև սկսել է շատ վաղուց։ Հիշեցրեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վեհափառին դեռ տարիներ առաջ է դիմել ավազանի անունով, որից հետո նույն իշխանությունը հրավիրվել է Էջմիածնի օծման արարողությանը։
Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետԳարեգին Արսենյանը։
Հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով «պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցության մասին հայտարարել է նաև Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին» մասնակցել է նաև անցած կիրակի` նոյեմբերի 2–ին։