Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն փորձում են կալանավորել. Արա Զոհրաբյան

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Այսօր քննչական մարմինը 68-ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել, Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ: Հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանն ու կից տեսանյութ ներկայացրել։
Նա նշել է, որ ավելի վաղ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ նոյեմբերի 1-ին Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը։

«Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել: Այս բոլորը տեսագրված է»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Հավելենք, որ Վաղարշապատ (Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը) համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին: Ընտրություններում գրանցվել են 8 քաղաքական ուժեր՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը («Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններ), «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն», «Հանրապետություն»,«Համահայկական ճակատ» և «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունները։