ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբան Արա Զոհրաբյանն իրավապահներին հանցագործության մասին 3 հաղորդում է ներկայացրել։ Ֆեյսբուքյան էջում փաստաբանը պարզաբանել է, որ նպատակն է եկեղեցու և հոգևորականների շահերի պաշտպանությունը։
«Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը խախտելու հետ: Հնարավոր է նաև, որ այդ խոսակցությունները մոնտաժված և փոփոխված լինեն: Բայց ինքնին գաղտնիության խախտման փաստը խնդրահարույց է: ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածը հանցագործություն է համարում մարդու նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունն ապօրինի խախտելը»,– գրել է նա։
Երկրորդ հաղորդումը, ըստ Զոհրաբյանի, Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության մասին է։ Ըստ փաստաբանի` վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ստեփան Ասատրյանը փորձում են խոչընդոտել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված քահանայի կողմից 2025թ. հոկտեմբերի 26-ին կատարվելիք պատարագը։
«Իրենց գործողություններով Ստեփան Ասատրյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացնում են ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով արգելված արարքի (կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը) նախապատրաստություն, որը համարվում է չավարտված հանցագործություն: ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական պատասխանատվության հիմքն ինչպես ավարտված, այնպես էլ չավարտված հանցանք կատարելն է»,– մանրամասնել է Արա Զոհրաբյանը։
Արա Զոհրաբյանի խոսքով` ՆԳՆ ոստիկանությանը ներկայացվել է դիմում ներխուժումը կանխելու վերաբերյալ: Նա նշել է, որ թիվս այլ պահանջների, ՀՀ կառավարության որոշման համաձայն` պահանջում է Աշտարակի Հովհաննավանքի այն տարածքներից, որոնք նախատեսված են բացառապես եկեղեցու սպասավորների համար `ատյան, խորան, ավանդատներ և այլն, վտարել Ստեփան Ասատրյանին:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 23-ին լարված իրավիճակ էր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքում. կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը փորձում էր պսակադրության կարգ անցկացնել։
Հավելենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։