Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբան Աբրահամ Բերմանից

Արցախի նախկին պետնախարարը համաձայնել է օգտվել պետության տրամադրած փաստաբանի ծառայություններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող շինծու դատավարության այսօրվա նիստի ժամանակ հրաժարվել է իր փաստաբան Աբրահամ Բերմանից։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը դիմել է դատարանին՝ հայտարարելով, որ ցանկանում է փակ հանդիպում ունենալ իր պաշտպան Աբրահամ Բերմանի հետ: Դատարանը բավարարել է միջնորդությունը, դատական նիստն ընդմիջվել է։
Ընդմիջումից հետո Վարդանյանը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել՝ հայտարարելով, որ հրաժարվել է Բերմանից: Միջնորդության մեջ Վարդանյանը հիմնավորել է, որ դժգոհ է դատական գործընթացից։
Գլխավոր դատախազի ավագ օգնականը նշել է, որ Ռուբեն Վարդանյանը չի կարող չունենալ պաշտպանություն, ուստի կա՛մ պետք է պայմանագիր կնքի այլ պաշտպանի հետ, կա՛մ պետությունը կնշանակի փաստաբան։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Վարդանյանը հայտնել է, որ պետությունը կարող է պաշտպան նշանակել, ինքն առարկություն չունի։
Դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 28-ին։
Հիշեցնենք` Ռուբեն Վարդանյանն Արցախ տեղափոխվեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ին, պետնախարար նշանակվեց 2022 թվականի նոյեմբերի 4-ին և պաշտոնից ազատվեց 2023-ի փետրվարի 23-ին։ Սեպտեմբերի 27-ին նա ապօրինաբար ձերբակալվեց և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: