ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհուրդն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Հայ առաքելական եկեղեցուն և Հայաստանի ողջ քրիստոնեական համայնքին` մտահոգություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ասվում է խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ Հայաստանում բարձրաստիճան հոգևորականների կալանքն ու դատապարտումը խորը հիասթափություն ու ցավ են առաջացրել Ավստրիայի և ամբողջ աշխարհի բազմաթիվ հավատացյալների շրջանում:
«Բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալությունները, կալանավորումները և դատապարտումները, ակնհայտորեն, մարտահրավեր են նետում կրոնական ազատությանը: Մենք մտահոգված ենք, որ այս մոտեցումն անհամատեղելի է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքների հետ: Նման միջոցները կամայական և անհիմն միջամտություն են եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա»,- ասված է հայտարարությունում։
Խորհուրդը շեշտել է՝ եկեղեցին խղճի և հասարակության ձայնն է, այն պետք է կարողանա ազատորեն և անարգել կատարել իր առջև դրված առաքելությունը:
«Մենք աղոթքով և եղբայրական համերաշխությամբ կանգնած ենք մեր հայ քույրերի և եղբայրների կողքին և Աստծուց խնդրում ենք ուժ, մխիթարություն և իմաստություն այս դժվարին ժամանակներում: Միասին աղոթում ենք բանտարկված եպիսկոպոսների, քահանայի և բոլոր տուժած հոգևորականների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև Հայաստանում խաղաղության, միասնության և արդարության հաստատման համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Թող Աստված զորացնի իր ժողովրդին Հայաստանում և առաջնորդի բոլոր պատասխանատու պաշտոնյաներին ճշմարտության, երկխոսության և խաղաղության ճանապարհով։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։