«Մեր ձևով» շարժման կազմակերպած երթի մասնակիցները հասան ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացվում ` ի աջակցություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի և բոլոր քաղբանտարկյալների։ Այնուհետև հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ՀՀ ազգային անվտանգության շենք, որտեղ պահվում են Միքայել և Բագրատ սրբազանները, բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։ Երթն առաջնորդում էին Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները` կինը, զավակները և եղբայրը։
ԱԱԾ–ի շենքի մոտ հավաքվածները վանկարկում են. «Ազատություն։ Պայքա՛ր, պայքա՛ր մեր ձևով»։
Փաստաբան Արամ Վարդևանյանը նրանց կոչ արեց առաջին հերթին ասել «Աստված օգնական», քանի որ այս շենքում են գտնվում Բագրատ և Միքայել սրբազանները։
«Այս շենքում է գտնվում նաև բարերար, գործարար, 120 օրից ավելի ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանը։ Այս ողջ ժամանակահատվածում Կարապետյանի փաստաբանական թիմն ամեն օր հանդիպում է նրա հետ, նրա հետ չենք խոսում այս ցինիկ, աբսուրդ քրեական գործից, այլ Կարապետյանը խոսում է այն ծրագրերից, որոնք նա պատկերացնում է մեր երկրի համար»,– ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք` գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, օգոստոսի 29–ին հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին` ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը կլինի շարժման գաղափարական առաջնորդը։
«Մեր ձևով» շարժումը նախատեսում է քաղաքական միավոր դառնալու գործընթացը սկսել 2026 թվականի հունվարին։