ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունն առաջինն էր, բայց ոչ վերջինը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական հրահանգ է տվել քննչական և իրավապահ մարմիններին ՝ հետևել հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավաբաններին, իրավապաշտպաններին` առանձնացնելով Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի աջակիցներին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Հրահանգի տրամաբանությունը պարզ է` հենց նկատեն կոշտ կամ վիրավորական քննադատություն իշխանությունների հասցեին, «կհավաքեն բոլորին»։ Այլ կերպ ասած՝ հնչող ցանկացած խիզախ խոսք, ցանկացած քննադատական դիտարկում կարող է վերածվել քրեական գործի։ Այս քայլով «Քաղաքացիական պայմանագիրը» կարծես որոշել է մաքրել քաղաքական դաշտը քննադատներից ու ազատ մտածողներից, ընտրություններին գնալ առանց այլընտրանքի, առանց հարցադրողների, առանց քննադատական մտքի»,– գրում է պարբերականը։
Թերթը նաև հայտնում է, որ ըստ իրենց տեղեկությունների` շարունակվելու է նաև եկեղեցու դեմ հարձակման պլանը։ Իշխանական շրջանակներից հայտնել են, որ ՀՀ վարչապետը նպատակ է դրել Ամենային հայոց կաթողիկոսին գահընկեց անել նրա գահակալության օրը՝ հոկտեմբերի 27-ին։
«Մինչ այդ իրավապահները կշարունակեն ճնշումները հոգևորականների նկատմամբ, հատկապես նրանց, որոնք կաթողիկոսի ազգականն են կամ շրջապատին մոտ, ինչպես եղավ Արագածոտնի թեմի առաջնորդ, կաթողիկոսի քեռորդի Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի երկամսյա կալանքի դեպքում: Եկեղեցի էլ կներխուժեն՝ առանց վարանելու: Իշխանական ներկայացուցիչների մեկնաբանությամբ, «հոգևորականներն էլ են քաղաքացիներ, և եթե որևէ մեկը օրենք է խախտում, պետք է պատասխան տա»,- նշում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք` իրավապահները Կոչուբաևին բերման էին ենթարկել հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Այսօր հայտնի դարձավ, որ նա 2 ամսով կալանավորվել է։
Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։