ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի թեմի կալանավորված հոգևորականների թիվն ավելացել է։ Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
Նա նշեց, որ այս պահին քննչական կոմիտեում է գտնվում վեց հոգևորական, որոնք, իր նախանական տեղեկությունների, վկայի կարգավիճակ ունեն: Այժմ քննչական կոմիտե են տանում նաև Տեր Համբարձում քահանա Դանիելյանին։
«Եվս երկու քահանաների՝ Տեր Նարեկ քահանա Սարգսյանի և Սարգիս Սարգսյանի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Նրանց բերման են ենթարկել և հայտնի չէ, թե ուր են տարել։ Հնարավոր է՝ բերեն ՔԿ, բայց առայժմ տվյալներ չկան»,– ասաց փաստաբանը։
Ֆարմանյանն ընդգծեց, որ դեռևս հայտնի չէ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան բերման են ենթարկվել Արագածոտն թեմի հոգևորականներ, այդ թվում՝ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: ՔԿ-ից հայտնեցին, որ նրանց ձերբակալել են հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում:
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա: Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է մասնակցել 2021 թվականին ընդդիմության բողոքի ակցիաներին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քահանայի հայտարարությունների վրա ուշադրություն հրավիրելով։