ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի- Sputnik. Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտնել է, որ Իսրայելի հետ 12-օրյա զինված հակամարտության ժամանակ երկրի օդային տարածք են ներթափանցել հարևան որոշ պետությունների տարածքներից արձակված անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
«Սիոնիստական ռեժիմի կողմից սանձազերծված 12-օրյա պատերազմի ընթացքում որոշ երկրներից Իրանի տարածք են ներթափանցել անօդաչու թռչող սարքեր և կվադրոկոպտեր։ Մենք փաստագրել ենք այդ դեպքերը և տեղեկատվությունը փոխանցել համապատասխան մարմիններին», - հայտարարել է Գուդարզին։
Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում իրանցի սահմանապահները հարևան երկրներից մեկի տարածքում արձանագրել են երեք միկրոավտոբուսների առկայություն, որոնցից գործարկվել են անօդաչու և փոքր թռչող սարքեր: Այդ երկրի իշխանություններին ծանուցելուց հետո տեղի ուժայինները միջոցներ են ձեռնարկել. բախման արդյունքում երեք օպերատոր է ոչնչացվել, մյուսները ձերբակալվել են: Գեներալը չի մանրամասնել, թե որ պետության մասին է խոսքը, սակայն շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին՝ ընդգծելով, որ Իրաքյան Քրդստանի հետ Իրանը փոխըմբռնման հուշագիր ունի, և «կողմերի միջև խնդիրներ չկան»:
Բացի այդ, Գուդարզին հայտնել է, որ առաջիկա շաբաթներին Պարսից ծոցում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն, որոնց նպատակը կլինի մարտական պատրաստության բարձրացումը և սահմանապահ ստորաբաժանումների օպերատիվ կարողությունների ամրապնդումը:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ երկրի տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքերի մի մասը կարող էր արձակվել Ադրբեջանի տարածքից:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: