ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացված դատավճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնապետական վարչակարգ, որտեղ դատարանները վերածվում են իշխանության ձեռքին բութ գործիքի։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։
Կայացված որոշումը համարում են անօրինական և խայտառակ։
«Սա ոչ միայն հոգևորականի դեմ իրականացված հաշվեհարդար է, այլև Հայ առաքելական սուրբ եկեղեցու, մեր ազգային ինքնության և քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի դեմ ուղղված քաղաքական հարձակում»,- նշված է հայտարարության մեջ։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն համոզմունք է հայտնել, որ հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։
Այսօր` հոկտեմբերի 3–ին, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։