ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. «Ռոսատոմ» կորպորացիան պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և նրա ժողովրդի շահերը չոտնահարվեն։ Այս մասին հայտարարել է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» (World Atomic Week) համաժողովի կլոր սեղանի ժամանակ։
Համաժողովն անցկացվում է մի շարք երկրների առաջնորդների, այդ թվում ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:
Ինչպես նշել է Լիխաչովը, Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկը միակն է աշխարհում, որը դիմացել է 9 բալանոց երկրաշարժի հարվածին և ավելի ուշ վերագործարկվել: Ներկայում հայկական կողմը «Ռոսատոմի» աջակցությամբ դրա ծառայության ժամկետը կրկին երկարացնելու ծրագիր է իրականացնում մինչև 2036 թվականը։
«Մենք ասում ենք՝ կայանը ձերն է, իսկ հպարտությունն ընդհանուր է։ Մենք մեծ հարգանքով ենք հետևում, թե ինչպես եք նոր լուծում ընտրում, ինչպես եք նայում ատոմային էներգիայում հաջորդ քայլին: Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է այդ քայլը, քանի որ դուք որոշում եք երկրի քաղաքականությունը առնվազն առաջիկա 100 տարվա համար»,-հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավարը։
Վերջին մի քանի տարվա ընթացքում, նրա խոսքով, ակնհայտ է դարձել, որ ատոմային էներգետիկան` որպես ապագա համաշխարհային էներգետիկ հաշվեկշռի մաս, այլընտրանք չունի՝ իր կայունության և կանխատեսելիության, օբյեկտների շահագործման մեծ ժամկետների և տնտեսության ու տեխնոլոգիական լանդշաֆտի վրա համալիր դրական ազդեցության պատճառով:
Ավելի ու ավելի շատ երկրներ են ատոմային էներգետիկան ընտրում որպես իրենց զարգացման ուղի, այդ թվում այն պատճառով, որ դրանով իսկ զարկ են տալիս մի շարք հարակից՝ հաշվողական և արդյունաբերական տեխնոլոգիաների զարգացմանը։
«Տեխնոլոգիան ինքնին կյանքը չի բարելավում. նոր գաղափարախոսություն է պետք, տեխնոլոգիական առաջընթացի արդյունքներին հավասար հասանելիության փիլիսոփայություն»,-ասել է «Ռոսատոմի» ղեկավարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում եռակողմ փաստաթղթերի ստորագրումից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է մոդուլային ԱԷԿ-ների տեխնոլոգիաներ փոխանցել Հայաստանին։ Նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված մտադրությունների մասին հուշագրերից մեկը նախատեսում է համագործակցություն էներգետիկայի ոլորտում երկու ուղղությամբ՝ ներդրումներ միջուկային նորագույն տեխնոլոգիաների ոլորտում և էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերում:
Միևնույն ժամանակ, 2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր են ստորագրել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին (մինչ այդ իշխանությունները ցանկանում են կազմակերպել նոր կայանի կառուցումը)։
Գործող ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ մեկ երրորդը։