ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը դարձել է Եվրոպայի առաջին չեմպիոնը։
Լիտվայի Դրուսկինինկայ առողջարանային քաղաքում Հայաստանի հավաքականը եզրափակիչում 2։1 հաշվով հաղթեց Ուկրաինային՝ արժանանալով առաջնության հաղթական գավաթին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հավաքականի ավագ, «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն ասաց՝ ինչ-որ առումով հրաշք էր այսօրվա հաղթանակը։
«Երեկ մենք A խմբում էինք խաղում, 6 խաղ ենք ունեցել՝ Գերմանիայի, Լեհաստանի, Սերբիայի, Լատվիայի, Լիտվայի ու Վրաստանի հետ։ Բավականին վատ ենք խաղացել, մի կերպ դուրս եկանք խմբից։ 3-ը խաղացել ենք ոչ-ոքի, 2-ում հաղթել ենք, 1-ում պարտվել ենք։ Վերջին խաղում, երբ որոշվում էր՝ անցնում ենք հաջորդ փուլ, թե ոչ, բառի բուն իմաստով վերջին րոպեներին լեհերի դարպասը գոլ ուղարկեցինք, ինչպես ասում են՝ հեռացող գնացքի վերջին վագոնին հասանք»,- ասաց Ալավերդյանը։
Իսկ այսօր արդեն մեր լրագրողական թիմը շատ լավ է հանդես եկել․ առաջին խաղում հաղթել են չեխերին 5։0 հաշվով, իսկ Չեխիան B խմբի առաջատարն էր, հետո նաև սերբերին են հաղթել։ Արդեն եզրափակիչում հանդիպել են Ուկրաինայի հավաքականին, որը համարվում էր մրցաշարի ֆավորիտը։
Նշենք, որ Եվրոպայի ֆուտբոլի լրագրողների առաջնությունն անցկացվում է առաջին անգամ։ Այն մեկնարկել է սեպտեմբերի 11-ին։
Առաջնությանը մասնակցում են 14 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Լիտվայից, Բելառուսից, Լատվիայից, Վրաստանից, Լեհաստանից, Հունգարիայից, Չեխիայից, Հունաստանից, Սերբիայից, Գերմանիայից և այլն։
Ֆուտբոլային մրցաշարը կազմակերպել են Լիտվայի ժուռնալիստների միությունը, Լիտվայի մարզական լրագրողների ասոցիացիան և Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի մարզական լրագրող Խաչիկ Չախոյանը թիմի մարզիչն է, իսկ ինֆոգրաֆիկայի մասնագետ Վահրամ Մկրտչյանը՝ դարպասապահը։
Շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին այս հաղթանակի առիթով։