ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետական ժամանակավոր կառավարիչը պարտավոր չէ կադրային նշանակումները համաձայնեցնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հետ: Այս մասին ԱԺ–ում այսօր հայտարարեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։
Ավետիսյանը նշեց, որ ՀԷՑ պետական ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը տեղամասերի պետեր և ավագ ինժեներներ է նշանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին: Ի պատասխան՝ Մեսրոպյանն ընդգծեց, որ նման գործողությունները ժամանակավոր կառավարչի իրավասության ներքո են և ՀԾԿՀ հետ համաձայնեցում չեն պահանջում:
Պատասխանելով Ստոկհոլմում միջազգային արբիտրաժի ընթացքի մասին պատգամավորի հարցին՝ Մեսրոպյանը պարզաբանեց, որ գործընթացը փակ է, ուստի տեղեկությունների համար պետք է դիմել միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակ:
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հուլիսի 23-ին հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։