ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Արցախը պատմության փոշիների տակ չպետք է թաղել։ Այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առիթով հղված պատգամում։
«Այսօր, փաստորեն, կորցրել ենք Արցախի անկախությունը։ Արցախը հայաթափման է ենթարկվել։ Նրա ստեղծագործ ոգու, մշակութային հանճարի և կրոնական ապրումների արգասիք հանդիսացող մեր եկեղեցիներն ու վանքերը, մշակութային պատմական կոթողները թշնամու կողմից բարբարոսական արարքների են ենթարկվում»,- ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի պատգամում։
Նրա խոսքով՝ Արցախը ենթարկվել է ծրագրված ու հետևողական ցեղասպանության, ու միջազգային ձևակերպումներով՝ հենց այդպես է հնարավոր բնորոշել Արցախի բռնագրավումն ու արցախահայության բռնագաղթը։
Նա հիշեցրել է տարիներ շարունակ Արցախի անկախ պետականության ամրապնդման համար հայության մղած հավաքական պայքարը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ իրագործված ձեռնարկները՝ հանուն Արցախի։
«Այո՛, Արցախն այսօր կորցրել ենք, սակայն, Արցախն իր հողով ու ժողովրդով և ինքնիշխանության իրավունքով վերականգնելու հույսը չե՛նք կորցրել ու չպիտի կորցնենք՝ որքան ոչ նպաստավոր լինեն մեզ շրջապատող պայմանները»,- նշված է Արամ Ա-ի ուղերձում։
Նա պնդում է՝ պատմությունը կաղապարված չէ, այն փոփոխության ենթակա է։ Եթե այսօր աշխարհաքաղաքական պայմանները նպաստավոր չեն Արցախի անկախության վերականգնման համար, վաղը դրանք կարող են հիմնովին փոխվել։ Պետք է զգոն լինել ու հետևողական։
Շեշտում է՝ Արցախի անկախության վերականգնումը մեր ժողովրդի սրբազան դատի անբաժանելի մասն է։
«Արցախի հայության ազատորեն ապրելու հավատքն ու կամքը պետք է վերածել ամենօրյա նպատակասլաց պայքարի»,–ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։