Բակո Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԼՂ բոլոր հայերը դավաճանության զոհ են. Զատուլին

Հատկանշական է, որ Զատուլինը պերսոնա նոն գրատա է հայտարարվել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն իր Telegram-ալիքում գրել է, որ տղամարդկանց շրջանում նախկին ընկերներ չեն լինում և հիշեցրել, որ այսօր լրացել է իր մեծ բարեկամ Բակո Սահակյանի 65-ամյակը, որն այլ առաջնորդների հետ արդեն երկու տարի է, ինչ գտնվում է Բաքվի բանտում, իսկ վաղը մեկ այլ ընկերոջ` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է:
«Ցավոք, չեմ կարող հեռախոսահամարը հավաքել կամ շնորհավորական հեռագիր ուղարկել իմ ընկեր Բակո Սահակյանին։ Բռնազավթված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ մտերիմ կամ ինձ ծանոթ ղեկավարների հետ նա արդեն երկու տարի է՝ Բաքվի բանտում է։ Ինչ-որ տեղ` հավանաբար մոտակայքում, Ռուսաստանի այն քաղաքացիներն են, որոնց վերջերս վրեժխնդրությունից դրդված նստեցրել են Ադրբեջանում։ Նրանց ես չեմ ճանաչում, բայց իհարկե կարեկցում եմ նրանց և նրանց ընտանիքներին», - գրել է Զատուլինը։
Խորհրդարանականը նշել է, որ բազմիցս եղել է Լեռնային Ղարաբաղում, որտեղ ժամանակին՝ 30-ական թթ-ին, Հադրութի սահմանապահ ջոկատը ղեկավարել է իր հայրը, որը դրա համար ստացել է Մարտական կարմիր դրոշի իր առաջին շքանշանը:
Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի ծննդյան օրվա առիթով խոսել է նրա հարազատների հետ
Զատուլինն ընդգծել է, որ Ղարաբաղ զենք չի տարել և թշնամանքի կոչ չի արել Ադրբեջանի հետ, այլ անկեղծորեն հավատացել և հավատում է, որ «Լեռնային Ղարաբաղի ազատությունը՝ որպես այդ բնօրրանում դարերով ապրած հայ ժողովրդի ինքնորոշման հարկադրված միջոց, պատմական արդարության գործ է»:
«Բակո Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը դավաճանության զոհ են։ Մենք Ռուսաստանում, հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո, հատկապես հիմա, պետք է լավ հասկանանք, թե ինչ է դավաճանությունը։ Ես ուզում եմ, որ Բակո Սահակովիչը, Ռոբերտ Սեդրակովիչը և մնացած բոլորը իմանան, որ Ռուսաստանում շատ մարդիկ կան, շատ ավելին, քան հայերը Հայաստանում և նույնիսկ ընդհանրապես աշխարհում, ովքեր հիշում են, հարգում և կարեկցում: Քանի որ ռուս մարդու խիղճը դա է պահանջում: Միայն կարեկցանքը և նույնիսկ հարգանքը քիչ են: Եվ նրանք ճիշտ կլինեն: Բայց ես վստահ եմ, որ արդարության ժամանակը կգա։ Մնում է միասին ողջ մնալ և մասնակցել»,- հավելել է Զատուլինը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
ԿԽՄԿ ներկայացուցչությունը Ադրբեջանում գործունեությունը կդադարեցնի սեպտեմբերի սկզբին