Բաքվում ԿԽՄԿ գրասենյակը սեպտեմբերի 3-ին կփակվի

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի խոսքով` գրասենյակի փակումը չի նշանակում, որ կդադարեն շփումներն Ադրբեջանի իշխանությունների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում սեպտեմբերի 3-ին կփակվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։
Ավելի վաղ Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը հայտարարել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը սեպտեմբերի սկզբին կդադարեցնի գործունեությունն այդ երկրում:
Դաֆնե Մարե
Մարեն միաժամանակ նշեց, որ մի շարք հարցերով աշխատելու հնարավորությունը չի սպառվի, քանի որ կապը կլինի գլխավոր գրասենյակով։
«Մենք կշարունակենք առաջարկել մեր ծառայությունները ցանկացած դերի վերաբերյալ, որը կարող ենք ունենալ որպես չեզոք միջնորդ՝ օգնելու անհայտ կորածների խնդրի լուծմանը։ Դա չի նշանակում, որ մենք այլևս երբեք չենք շփվի Ադրբեջանի իշխանությունների հետ։ Քննարկումները դեռ շարունակվում են, կարծում ենք, որ հնարավոր է` աշխատելու նոր հնարավորություններ դեռ լինեն»,- շարունակեց Դաֆնե Մարեն։
ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիների և տասնամյակների ընթացքում կատարված աշխատանքը չի մոռացվի։
«Այժմ վճռորոշ պահ է նաև կապված խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ։ Այդ նախագծում գրված է, որ անհայտ կորածների հետ կապված մշտական աշխատանք և համակարգում է իրականացվելու միջազգային կազմակերպության հետ։ Բայց դա չի նշանակում, որ մենք կապ չենք պահի Բաքվի իշխանությունների հետ։ Մենք շարունակելու ենք փորձել մնալ չեզոք և մի շարք հարցերում առաջարկել մեր միջնորդական դերը։ Իհարկե, ամենակարևոր խնդիրներից մեկը անհայտ կորածների հետ կապված հարցն է»,- ընդգծեց նա։
ԿԽՄԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել է հունիսին. Ամատունի
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: