ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Միքայել սրբազանի գործով նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը, այն է` ներգրավել փորձագետների՝ պարզելու` արդյոք սրբազանի խոսքում հեղաշրջման կոչ կա, թե ոչ։
Պաշտպանական թիմը ներկայացրեց փորձագետ-լեզվաբանների կարծիքներ, որոնք մանրամասն բացատրել են, թե ինչ է նշանակում կոչ անել և արձանագրել, որ սրբազան հոր խոսքում իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր չեն եղել, այլ եղել է պատմողական նախադասություն։
Մեղադրող կողմը հակադարձեց՝ ասելով, թե ուսումնասիրել են պաշտպանական կողմի փաստերը։
«Մենք հետազոտել ենք «փորձագետի կարծիք» փաստաթղթերը և եկել եզրակացության, որ նրանք փորձագետներ չեն։ Եթե փորձագետներ չեն, ապա նրանց ներկայացրած կարծիքը չի կարող համարվել փորձագիտական կարծիք»,- ասաց հանրային մեղադրողը։
Սրբազանի պաշտպանական թիմը մեկ այլ միջնորդությամբ պահանջում է հետազոտել 2023 թվականի սկավառակը՝ սրբազանի հարցազրույցը։
«Պետությունը մեկ անգամ դիրքորոշում է ներկայացրել՝ արձանագրելով, որ Միքայել սրբազանի հայտարարություններում հանցագործություն առկա չէ. նույն գործողությունը չի կարող երկու տարբեր գնահատական ստանալ։ Այս վարույթի առաջին իսկ օրվանից, մի փոքր պատկերավոր ասեմ, կա մի փիղ, որը բոլորը փորձում են շրջանցել, բացի, իհարկե, մեղադրանքի կողմից, բայց չի ստացվում։ Այդ փիղն այն է, որ 2023 թվականին նույն արարքը, նույն բառերով, դատախազությունը գտել է, որ հանցագործություն չէ, իսկ 2025 թվականին 2024 թվականի տեսանյութը (կամ այդ հայտարարությունը կամ խոսքը) գտել է, որ հանցագործություն է։ Առաջին իսկ օրից շատ պարզ է, որ սա այս գործի ամենամեծ աղաղակող անարդարությունն է»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Միքայել սրբազանի պաշտպանական թիմը պահանջում է նաև վարույթ ընդունել, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրում քննչական գործողություններ կատարելիս Շիրակի թեմի առաջնորդի լիազորված ներկայացուցչին թույլ չեն տվել մասնակցել։
Դատարանը շարունակում է հետազոտել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով ապացույցները։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։