Կաթողիկոսը ցանկացել է մեկուսարանում տեսակցել Աջապահյանին, քննիչը մերժել է. փաստաբան

Երեմ Սարգսյանը կարծիքով` քննիչը որևէ պատճառ չի ունեցել խոչընդոտելու Գարեգին Բ–ի և Միքայել Աջապահյանի հանդիպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն հուլիսին ցանկացել է տեսակցել կալանավորված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, սակայն համապատասխան միջնորդությունը մերժվել է: Այս մասին այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ քննիչ Վաչե Մխիթարյանը հուլիսի 14–ի իր որոշմամբ մերժել է միջնորդությունը, թեև դրա համար որևէ հիմք չի ունեցել:
«Կաթողիկոսի հանդիպումը որևէ կերպ չէր կարող խոչընդոտ հանդիսանալ քննությանը»– ընդգծեց Սարգսյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։