Ի՞նչ է սպասում հայ գերիներին. Ղազարյանը` միջազգային ատյաններից հայցերի հետկանչման մասին

Արա Ղազարյանը չի բացառում, որ որոշ գերիներ կպահվեն Բաքվում որպես ապացույց, որ «Հայաստանը 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքը և չի եղել անկախության համար պատերազմ»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Երևանի և Բաքվի՝ միջազգային ատյաններից միմյանց դեմ հայցերի հետկանչումը Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիներից բացի բացասաբար ազդելու մարդկանց ավելի լայն շրջանակի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը` շեշտելով, որ խոսքը 100 հազարից ավելի բնակիչների մասին է, որոնք Արցախից բռնի տեղահանվել են` կորցնելով իրենց գույքը, սոցիալական կապերը, և դրանք վերականգնելու հեռանկար չունեն։
Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրով կողմերը պայմանավորվել են միջազգային ատյաններից հետ կանչել միմյանց դեմ գործերը։
Նշենք, որ ներկա պահին Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ ունի ներկայացրած Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և մեկ գանգատ` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։
«Այն անձինք, ովքեր արդեն դիմել են կամ առաջիկա 1-2 տարում կդիմեն, կարող են ապավինել միջազգային տրիբունալի կողմից իրավական պաշտպանությանը։ Սակայն կարող է շատ երկար տևել, ինչպես նաև անորոշ է, թե պաշտպանությունն ինչպես կլինի։ Ադրբեջանն ու Հայաստանն առաջին հերթին պետք է հանձնառություն ստանձնեին, թե ինչպես է հարցը կարգավորվելու, սակայն պայմանագրում ընդամենը երկու բառ է նշված՝ «այլ կերպ» կլուծեն։ Շատ անորոշ բառ է։ Մի՞թե միջազգային պայմանագրում կարելի է այդ աստիճան անորոշ տերմին մտցնել։ Հասկանալի է, որ սա Ադրբեջանի դիրքորոշումն է՝ որքան հնարավոր է նեղացնել իրավական պաշտպանության որևէ կառուցակարգի գոյությունը պայմանագրում։ Ամենաշատը այդ երկու բառից բխում է, որ պետությունները պայմանավորվում են ինչ–որ համակարգեր ստեղծել, բայց դրանց ուրվագծերը չեն նշվում»,–ասաց Ղազարյանը։
ԿԽՄԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել է հունիսին. Ամատունի
Ըստ նրա` եթե նայենք այլ խաղաղության պայմանագրեր, կտեսնենք, որ կան հավելվածներ, մեխանիզմների վերաբերյալ մանրամասն նկարագրություններ, թե ինչպես է լինելու վերադարձի, ռեպարացիայի, հատուցման և այլնի հետ կապված հարցերը, ինչը բացակայում է ՀՀ–Ադրբեջան պայմանագրում։
«Մնում է միայն ապավինել Հայաստանի իրավական պաշտպանության միջոցներին, որոնք գոյություն չունեն։ Պայմանագրում այդ մեխանիզմները չկան, հետևաբար ստեղծվում է անորոշ և հակասահմանադրական իրավիճակ։ Մեծ թվով քաղաքացիներ որոշ ժամանակ հետո այլևս չեն կարողանալու դիմել միջազգային ատյաններ։ Հայաստանի դատական ատյաններին չեն կարող դիմել, որովհետև պայմանագիրը չի նախատեսում որևէ իրավական պաշտպանության մեխանիզմ, և այդ մարդիկ մնում են առանց իրական պաշտպանության։ Սա նորմա՞լ է։ Իհարկե նորմալ չէ։ Սա հակասահմանադրական է։ Տեսնենք, թե առաջիկայում որևէ մեխանիզմ (եթե պայմանագիրը վավերացվի) կստեղծվի, թե ոչ»,–շարունակեց նա։
Միջազգային իրավունքի մասնագետը հիշեցրեց՝ միջազգային դատարաններն ունեն իրենց կանոնները և չբացառեց, որ, օրինակ, միջազգային ատյանը հորդորի գանգատ չուղարկել այլ պետության դեմ`պատերազմի և հետևանքների հարցերով, քանի որ արդեն պետությունների միջև կա ստորագրված խաղաղության փաստաթուղթ։
«Միակ հակակշիռը մնում են անհատական գանգատները, որոնք 2021 թ․-ից ներկայացվել են, բայց ոչ մեծ թվով, քանի որ մեծ ռեսուրս է պահանջում։ Այս պայմանագիրը կարող է որոշ փոփոխություններ մտցնել ժամկետներում, որը կարող է ազդել դիմումների քանակի վրա։ Ի վերջո միջազգային տրիբունալները կարող են ասել՝ այլևս մի ուղարկեք գանգատներ, դուք այնտեղ արդեն պայմանագիր եք ստորագրել։ Բայց հաշվի առնելով, որ պայմանագրում իրավական պաշտպանության մեխանիզմներ չկան, չեմ կարծում, որ միջազգային դատական ատյաններն այլևս գանգատներ չվերցնեն, քանի որ հասկանում են, որ այդ մարդիկ մնում են առանց իրավական պաշտպանության»,–մանրամասնեց Ղազարյանը։
Գերիների հարցով էական խոսակցություն է եղել․ Փաշինյանը՝ բանակցությունների մասին
Անդրադառնալով Բաքվում պահվող գերիների հարցին՝ միջազգային իրավունքի մասնագետը շեշտեց, թե կարելի է միայն հուսալ, որ այս պայմանագիրը չի վնասի նրանց։ Հիշեցրեց՝ նրանք որևէ կապ չունեն արտաքին աշխարհի հետ, ինչը մեծ ռիսկ է, «պաշտպանությունն» էլ իրականացվում է առանց պաշտպանների։ Դիտարկմանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կխնդրի ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին, Ղազարյանն արձագանքեց՝ դա քաղաքական հայտարարություն է։
«Այն, որ որևէ երկրի առաջնորդ խոստացել է, որ կզրուցի, դա իրավական գործընթաց չէ, այլ կապված է քաղաքական առաջնորդների կամքից։ Սակայն քաղաքական գործիչներին վստահելը չափազանց միամիտ քայլ է։ Իհարկե, որոշ դեպքերում արդյունք լինում է` ինչպես Ռուսաստանի միջամտությամբ մի քանի անգամ եղավ գերիների վերադարձ։ Այս դեպքում էլ կարող է լինել, բայց վստահ եմ, որ որոշ թվով անձանց Ադրբեջանը կպահի և կստանա վերջնական դատական ակտ։ Ադրբեջանը ձգտում է արդյունքի, որով կարող է աշխարհին ցույց տալ, թե Հայաստանը պլանավորել է տապալել Ադրբեջանի սուվերեն անկախությունը «Ադրբեջանի որոշակի տարածքում»։ Հետևաբար, Հայաստանը օկուպացիայի է ենթարկել Ադրբեջանը։ Այս փաստարկն առաջ տանելու համար Ադրբեջանը դեռ ապացույց չունի, հիմա միակ ապացույցը, որ նա կարող է ունենալ, ոչ թե ռազմի դաշտից է, որտեղ հայերը ինքնապաշտպանվել են, այլ դատական որոշմամբ պետք է ստանա, որ ՀՀ-ն հարձակվել է Ադրբեջանի վրա»,–շարունակեց Ղազարյանը։
Փաստաբանը նկատեց՝ Ադրբեջանում դատավարությունների ժամանակ հայ գերիներին տրվող հարցերում հիմնականում նշվում է, որ «Հայաստանը որոշեց», «Հայաստանը հրամայեց»։ Այս համատեքստում Արա Ղազարյանը չբացառեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ անկախ կնքված պայմանագրերից, շարունակի մնալ Բաքվի բանտերում։ Նրանք կպահվեն որպես ապացույց, որ «Հայաստանը 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքը և չի եղել անկախության համար պատերազմ»։
Միջազգային իրավունքի մասնագետը պարզաբանեց, որ հայ գերիների դեմ դատական գործընթացներով Ադրբեջանը նպատակ ունի չեզոքացնել Արցախի անկախության հարցը, քանի որ անկախության համար պատերազմն ագրեսիվ պատերազմ չէ։ Դիտարկմանը, որ նախաստորագրված պայմանագրի մի քանի կետում նշված է, որ կողմերը ճանաչում են տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ փաստացի ՀՀ-ն ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, Ղազարյանն արձագանքեց, որ եթե պետությունը ՄԱԿ-ի անդամ է, ինքնին նշանակում է, որ ընդունում է անդամ այլ պետությունների տարածքային ամբողջականությունը։
«Տարածքային ամբողջականության մասին դրույթներով Ադրբեջանը որևէ բան չի շահում, հակառակը՝ արդեն պատասխանողի դերում է հայտնվում՝ Հայաստանից օկուպացված տարածքներից զորքերը հետ քաշելու առումով։ Հակառակ դեպքում միակ ելքն Ադրբեջանի համար մնում է այն, որ վիճելի հարց ստեղծի, որպեսզի այդ տարածքները դելիմիտացիայի արդյունքում կարողանան ճանաչվել իր սուվերեն տարածքի մաս»,–շարունակեց միջազգային իրավունքի մասնագետը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: