ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. «Սթրայքբոլի գործով» կալանավորված Անդրանիկ Չամիչյանը կշարունակի մնալ անազատության մեջ։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով՝ դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Չամիչյանի կալանքի դեմ ներկայացված բողոքը։
«Գործը այն աստիճան աբսուրդային է, որ ես, տեսած լինելով ամեն տեսակի աբսուրդ, այնուհանդերձ մեծ հույս ունեի, որ Անդրանիկը կալանքը շարունակելու է կրել գոնե տնային պայմաններում։ Էն էլ՝ չէ»,- գրել է Մելիքյանը։
Նրա խոսքով՝ Չամիչյանը բանտում կմնա առնվազն մինչև սեպտեմբերի 8-ը։
Հիշեցնենք` հուլիսի 10-ին խուզարկություններ իրականացվեցին դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվեց։ Կալանավորվեց 2 անձ, որոնցից մեկը ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) անդամ, սթրայքբոլ խաղի սիրահար 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն է։ Եվս 1 անձ կալանավորվեց տանն ապօրինի նռնակ ունենալու համար, սակայն նրա գործն առանձնացվեց «ահաբեկչության նախապատրաստման» պատմությունից, նրան մեղադրանք է ներկայացվել ապօրինի զենք, զինամթերք պահելու համար։