ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալումը։ Այս մասին հայտնել է Կարապետյանի փաստաբան Լիանա Գասպարյանը։
Նրա խոսքով` դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանը 9 և ավել ժամ ապօրինաբար պահվել է անազատության մեջ:
«Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն քրեական վարույթով տեղի ունեցող ապօրինությունների շարքից հերթականը՝ Սամվել Կարապետյանի ապօրինաբար և անհիմն ձերբակալվելու փաստը»,–գրել է նա:
Գասպարյանն ընդգծել է, որ առաջին ատյանի դատարանն (կրկին դատավոր Արտակ Կարապետյանը) իր որոշումը կայացնելիս չէր անդրադարձել ձերբակալման այս կարևոր հանգամանքին:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ապօրինի է ճանաչել Սամվել Կարապետյանի բնակարանի խուզարկությունը։