ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Բանաձևը, որի շուրջ այսօր ԱՄՆ–ի և Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերվել, Հայաստանն առաջարկել էր նաև Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին Վաշինգտոնում հայ լրագրողների համար կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու ռուսական միջնորդությամբ չհաջողվեց իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում։
«Հիշում եք, որ եռակողմ աշխատանքային խումբ կար, որը զբաղվում էր տարածաշրջանային կոմունիկացիաների հարցով։ Մենք այդտեղ միշտ պատրաստակամություն ենք հայտնել այս տրամաբանությամբ աշխատելու, և մեզ համար այդպես էլ հասկանալի չդարձավ՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, ուղղակի կամ անուղղակի ձևերով խոչընդոտվեց դա»,– ընդգծեց նա։
Փաշինյանի խոսքով` դա տեղի չունեցավ, որովհետև ՀՀ իշխանությունները տեսան, որ պրոցեսները փորձ է արվում տանել այն ուղղությամբ, որ ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը նսեմացվի։
«Մենք դրան որևէ կերպ չէինք կարող համաձայնել։ Որևէ մեկը չի կարող մեզ մեղադրել անկեղծ չլինելու մեջ, որովհետև մենք միշտ ասել ենք՝ դա մեզ համար կարմիր գիծ է։ Այս առումով իրադրության փոփոխությունն այն է, որ այսօրվա տեքստում այս ամենի մասին շատ ավելի բացված է գրված»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին խոսելիս ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման աշխատանքային խմբում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության համագործակցությունը կանգ է առել արևմտյան երկրների ապակառուցողական ազդեցության և հայկական իշխանությունների անհասկանալի դիրքորոշման պատճառով:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 2-ին Ռուսաստանի մայրաքաղաքում։