Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ-ի մասնաճյուղի տնօրեն

Շիրակի մարզպետն ու Ռոմանոս Պետրոսյանը Սարիկ Մինասյանին ներկայացրել են մասնաճյուղի աշխատակիցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու, այժմ ավագանու անդամ Սարիկ Մինասյանը նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ղարս» մասնաճյուղի տնօրեն։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը։
ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն ազատվում է ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից ու հիմնականում աշխատանքից հեռացնում է գլխամասերի ղեկավարներին, նա պատրաստվում է Սարիկ Մինասյանի նշանակել «Ղարս» մասնաճյուղի տնօրեն, Մինասյանն էլ արդեն համաձայնել է։

«Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Ռոմանոս Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանին»,– ասված է մարզպետի աշխատակազմի հաղորդագրությունում։

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։