ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Հեղաշրջման գործով» կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան դատավոր Վազգեն Ռշտունու որոշմամբ` նրա խափանման միջոցը փոխվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Հրայր սարկավագի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։
«Խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ»,– ասաց նա։
Սարգսյանը հավելեց, որ այս պահին դատարանի որոշումը քրեակատարողական հիմնարկ է տանում այն կյանքի կոչելու համար։
Հիշեցնենք` Հրայր սարկավագ Հակոբյանը հունիսին 26-ին 2 ամսով կալանավորվեց «հեղաշրջման գործով»։ Նրա կալանավորումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի երկխոսության սղագրություն, որում իբր Հրայր սարկավագ Հակոբյանը հարցնում է. «Եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից», «Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք»: Հրայր սարկավագը փաստաբանին ասել է, որ իրեն վերագրվող խոսակցությունը կտրված է ընդհանուր բովանդակությունից։
«Հեղաշրջման պլանի» քրեական վարույթով 17 մարդ կա կալանավորված, այդ թվում` «Սրբազան պայքար»» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։