Քաղաքական պատվեր է. Վարդան Ղուկասյանը՝ սրբազանների դեմ հարուցված քրեական գործի մասին

Գյումրու համայնքապետի խոսքով՝ առաջին անգամ է տեսնում, որ սրբազաններ կալանավորեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված քրեական գործին ծանոթ չէ։ Որպես քաղաքապետ 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց Ղուկասյանը, բայց ընդգծեց` բացասական է վերաբերում նրա կալանավորմանը։ Ղուկասյանը նշեց, թե առաջին անգամ է տեսնում, որ սրբազաններ կալանավորվեն։
«65 տարեկան մարդ եմ, առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն, մեկ էլ եղել է 37 թվականին, որ մենք լսել ենք։ Չնայած էստեղի եպիսկոպոսին 37 թվականին, որ ասել են՝ մորուքդ թրաշի ու դուրս արի «հոգևորականությունից», ինքն ասել է՝ մորուքիս ամեն մի մազ ձեզ պես 10 հատ աշխատող արժե, և իրեն աքսորել են»,– ասաց Ղուկասյանը։
Վարդան Ղուկասյանի խոսքով՝ Գյումրու փողոցներից մեկն ինքն է անվանակոչել 1937 թվականին աքսորված Արտակ եպիսկոպոս Սմբատյանի անունով։ Վերադառնալով Միքայել Սրբազանի թեմային՝ հայտարարեց, թե քաղաքական հետապնդում է սրբազանի նկատմամբ։
«Միանշանակ դատապարտում եմ Բագրատ սրբազանի և մեր սրբազանի... չնայած սրբազանի հետ մեր ջրերը նույն առվով չեն գնացել, բայց ես իրեն հարգում եմ ու գտնում եմ, որ քաղաքական պատվեր են արել»,– եզրափակեց Վարդան Ղուկասյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը(«հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։
Ավելի ուշ Փաշինյանն առաջարկեց փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը՝ առաջարկելով ամրագրել պետության վճռորոշ դերն այդ գործընթացում։ Բացի այդ, Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է անձամբ ղեկավարել Մայր Աթոռի «ազատագրումը»:
Եկեղեցու և կաթողիկոսի դեմ գործողությունները վրդովմունք են առաջացրել ոչ միայն հայ հոգևորականների (ի պաշտպանություն արտահայտվել են Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքարանները) և Հայաստանի քաղաքական ընդդիմության շրջանում, այլև բացասաբար են ընդունվել սփյուռքի և միջազգային կրոնական կազմակերպությունների կողմից:
Ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու հանդես են եկել մի շարք կրոնական կազմակերպություններ, մասնավորապես Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Ավստրիայի եկեղեցիների խորհուրդը (CIN), Սիրիայի օրթոդոքս (ուղղափառ) եկեղեցին: Եկեղեցու հասցեին աջակցության խոսքերի համար կալանավորվել է գործարար Սամվել Կարապետյանը։