Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ Իսրայելն իր դեմ մահափորձ էր ծրագրել հունիսին

Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել նրա բնակարանի դիմացի տանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հունիսին Իրանի և Իսրայելի միջև հակամարտության բաց փուլին նվիրված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի կողմից իր դեմ կազմակերպված մահափորձի մասին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել իր տան դիմացի տանը։
«Այն թաղամասում, որտեղ մենք ապրում ենք, դիմացի տանը ռումբ է տեղադրվել»,-նախարարի խոսքը մեջբերում է նրա պաշտոնական Telegram-ալիքը:
Արաղչին նաև պատմել է, որ Թուրքիա իր այցի ժամանակ, որտեղ ինքը մասնակցում էր Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 51-րդ նիստին (հունիսի 21-22), իրեն ուղեկցող պահպանությունը բազմիցս իսրայելական անօդաչու թռչող սարքեր է ֆիքսել: Ի պատասխան ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ, այդ թվում՝ անջատվել են բջջային հեռախոսները։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: