ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) որոշումը դեռևս պետք է ճանաչվի ՀՀ Առաջին ատյանի դատարանի կողմից։ Արտաշատում՝ ՀԷՑ-ի «Արաքս» մասնաճյուղի մոտ 24news.am-ի հետ զրույցում այս մասին ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդն այսօր հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանված են այն ընթացակարգերը, որոնք վերաբերում են նմանատիպ հրատապ որոշումների կայացմանն ու այն գործընթացին, որը պետք է հաջորդի որոշմանը։
«Այդ օրենքի համաձայն` հայցորդները դեռևս պետք է Առաջին ատյանի դատարան դիմեն, որոշումը դատարանը ճանաչի, կատարողական թերթիկ տա, վարույթ հարուցի, այսպես ասած, դատական վճռով, նոր դա դատական կատարման վճիռ դառնա։ Դա ենթադրում է, որ ներպետական դատական գործընթաց պետք է մեկնարկի, և դատական վարույթի շրջանակներում ՀՀ կառավարությունը՝ ի դեմս լիազոր մարմնի, պետք է ներկայացնի այն բոլոր հիմնավորումները, թե ինչու է հաղորդում ներկայացրել ՀԾԿՀ և ամբողջ ընթացակարգը՝ մինչև ՀԷՑ-ի հետ կապված գործընթացների այս փուլի իրականացումը` ներառյալ ժամանակավոր կառավարչի նշանակումը և ժամանակավոր կառավարչի լիազորությունների իրացման առաջնահերթությունները, պիտի հիմնավորվեն դատարանում»,- նշել է Պետրոսյանը։
Վստահ է, որ պետությունը պատշաճ կերպով կներկայացնի և կհիմնավորի կատարված ամբողջ գործընթացը դատարանում։ Ըստ նրա՝ դատական վճռի ընդունումից հետո միայն կարելի է խոսել հաղթելու, պարտվելու կամ գործընթացն ավարտին հասցնելու մասին։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։