ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Որոշումը հրապարակվել է ՀԾԿՀ–ի կայքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին նրան ազատել էր պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից։
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի որոշմամբ` ՀԷՑ–ի վերաբերյալ վարույթ է հարուցվել, հիմքում կառավարության ներկայացրած հաղորդումն է։ Հենց այս վարույթն է, որ հնարավորություն է տալիս ՀԾԿՀ նախագահին ՀԷՑ–ի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։
«Վերջին տարիներին գնալով ավելի մեծ թափ է ստանում հանրության մոտ օրեցօր աճող դժգոհությունը` պայմանավորված այնպիսի օբյեկտիվ իրողություններով, ինչպիսիք են համակարգային խոշոր վթարները, հաճախ դարձած մեծաթիվ հոսանքազրկումները, մատակարարվող էլեկտրական էներգիայի լարման շեղումները, հնարավոր հավելագրումները, էլեկտրական ցանցին նոր սպառողների միացման ժամկետների համատարած խախտումները և այլն»,– վարչական վարույթ հարուցելու որոշման մեջ։
ՀԾԿՀ նախագահը կարծում է, որ Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանն ի պաշտոնե իրականացրած լինելով վերահսկողական գործառույթներ` իր կառավարչական որակներով և ամբողջությամբ համապատասխանում է ժամանակավոր կառավարչի դերից բխող չափանիշներին։
Ռոմանոս Պետրոսյանին բարձր աշխատավարձ վճարելու պարտավորությունը դրվել է ՀԷՑ–ի ուսերին։
Նշվում է, որ որոշումը երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀԾԿՀ նախագահին կամ ՀՀ վարչական դատարանը, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։