ՀԷՑ–ի ղեկավար կազմն ազատման դիմում չի գրի. գլխավոր տնօրենի ԺՊ

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կազուս է որակում այն, որ ընկերությունը պետք է կառավարի պետության ներկայացուցիչը, սակայն պատասխանատվություն կրի սեփականատեր Սամվել Կարապետյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար կազմն աշխատանքից ազատման դիմումներ չի գրելու։ Այս մասին մի քանի լրատվամիջոցներին տրված ասուլիսում հայտարարեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Ղեկավար կազմի մեծ մասի կողմից լիազորված եմ ասել՝ մենք մնում ենք այստեղ աշխատելու՝ ի բարօրություն մեր ժողովրդի։ Այսինքն՝ աշխատում ենք հանրության շահերը պաշտպանելու համար, որպեսզի ընկերությունը նորմալ գործի։ Եթե մենք չենք խոսում պետական կառավարման վիճակի մասին, դա դեռ չի նշանակում, որ չգիտենք՝ ինչպես է պետական ապարատը կառավարվում, և նույն կերպ էլ ՀԷՑ-ն են կառավարելու, ինչը շատ հեռու է մեր կառավարումից. կարող եմ հիմնավորել։ Մենք նաև սեփականատիրոջ իրավունքներն ենք պահելու, որովհետև կազուս է ստացվում՝ պետության կողմից գալիս է կառավարիչ, ինքն աշխատում է, բայց Սամվել Կարապետյանը՝ որպես սեփականատեր, պատասխան է տալիս», – ասաց Դավիթ Ղազինյանը։
Ղազինյանն անդրադարձավ նաև կառավարության կողմից նորանաշանակ կառավարչի աշխատավարձին, որը, ՀԾԿՀ–ի որոշմամբ, պետք է վճարի ընկերությունը։ Նա նշեց, որ ինքը` որպես տնօրենի ԺՊ, ստանում է ոչ թե տնօրենի, այլ փոխտնօրենի աշխատավարձ, դրա համար էլ չգիտի` ինչքան կլինի Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։