ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարել է երկրում «անվտանգային հիմնարար խնդիրների» առկայության մասին, որոնք ի հայտ են եկել Իրանի և Իսրայելի միջև ռազմական բախման ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի նախագահի կայքը։
«Վերջին պատերազմի ընթացքում պարզ դարձավ, որ մենք անվտանգության ոլորտում հիմնարար խնդիրներ ունենք։ Պետք է ախտորոշել ոլորտում առկա խնդիրները՝ նվազագույնի հասցնելու մեր երկրի վնասը», - ՌԻԱ Նովոստիի փախանցմամբ` ասել է Փեզեշքիանը։
Իրանում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում հաղորդվել է տասնյակ անձանց ձերբակալման մասին, որոնց երկրի իշխանությունները մեղադրում էին Իսրայելի հետ համագործակցության մեջ: Տեղեկություններ են եղել նաև Թել Ավիվի համար անօդաչուների արտադրման և օգտագործման մասին, մասնավորապես՝ Իրանում դիվերսիաներ իրականացնելու նպատակով:
Fox News հեռուստաալիքը նույնպես հայտնել էր, որ նախքան հարված հասցնելն Իսրայելը կարողացել է խաբեությամբ հավաքագրել Իրանի ռազմատիեզերական ուժերի հրամանատարներին: Իրանական Fars գործակալությունը ևս նշել է «տեղեկությունների ճշգրտությունը», որոնց Իսրայելն արդեն տիրապետում էր Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստի անցկացման վայրում հարձակումն իրականացնելու համար (որտեղ ներկա էր և ոտքերի թեթև վնասվածքներ ստացավ նաև Փեզեշքիանը): Ինչպես նշել է գործակալությունը, դիտարկվում է ներդրված լրտեսի մասին վարկածը։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: