«Տաշիրը» մտահոգված է ՀԷՑ–ում խուզարկությունների և քննչական գործողությունների մասշտաբներով

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հաշվի առնելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. «Տաշիր» ընկերությունների խումբը կոչ է անում իրավապահ մարմիններին գործել խստորեն Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում ՝ բացառելով ճնշման կամ հրապարակային ցուցադրականության ցանկացած տարր: Այս մասին հայտնում է ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված քննչական գործողությունների շրջանակներում ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը շենք է բերվել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղեկցությամբ։ Այս պահին նա ձերբակալված չէ, նրա իրավական կարգավիճակը պաշտոնապես չի որոշվել, նա սպասում է հարցաքննության հրավերի։
«ՀԷՑ-ի ղեկավարությունն ու աշխատակիցները լիարժեք աջակցություն են ցուցաբերում քննչական մարմիններին օրենքի շրջանակներում: Այնուամենայնիվ, մտահոգված ենք «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գրասենյակում խուզարկությունների և քննչական գործողությունների ձևերով ու մասշտաբներով։ Հաշվի առնելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի»,– նշված է ընկերությունների խմբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում թափանցիկության, օրինականության և կառուցողական երկխոսության սկզբունքներին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Հուլիսի 3-ին ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Այսօր իրավապահները վաղ առավոտից գործողություններ էին իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Միաժամանակ խուզարկություն է իրականացվել ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։